Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մենք գնային առումով մրցունակ չենք ԵՄ շուկայի համար»

«Մենք գնային առումով մրցունակ չենք  ԵՄ շուկայի համար»
25.09.2012 | 11:42

Մեղվաբուծությունը Հայաստանում հիշատակվել է դեռևս Քսենոփոնի (մ. թ. ա. 430-355 թթ.) մոտ: Այդ ճյուղի զարգացման մասին իրենց գործերում վկայել են նաև հայ պատմիչներ Մովսես Խորենացին և Հովհաննես Դրասխանակերտցին, փաստելով, որ Հայաստանի լեռնային գյուղերում կան բազմաթիվ փեթակներ, և աճեցվում է հատկապես դեղին մեղու:
Մեղվաբուծությունը, որը համարվում է ՀՀ գյուղատնտեսության եկամտաբեր ճյուղերից մեկը, հատկապես մեծ զարգացում է ապրել խորհրդային տարիներին: Մեղվաընտանիքների հետագա բազմացումն ու մթերատվությունը բարձրացնելու նպատակով դեռևս 1931-ին Երևանում ստեղծվել է Անդրկովկասի մեղվաբուծական զոնալ կայանը, որը 1937-ին միացվել է ՀՍՍՀ անասնապահական գիտահետազոտական ինստիտուտին` վերածվելով մեղվաբուծական բաժնի: Վերջինիս բազայի վրա 1958-ին կազմակերպվել է «Մեղվաբուծական փորձակայանը»: Նշված և հետագա տարիներին 1000 շնչին ընկնող մեղվաընտանիքների քանակով ՀԽՍՀ-ն համարվել է աշխարհում առաջիններից մեկը: Մեղրու շրջանում 1966 թ. հիմնվել է մեղվաբուծական տոհմային հատուկ տնտեսություն, որտեղ բուծվել են միայն հայկական դեղին տեսակի մեղուներ:
-Հանրապետությունում ներկայումս քանի՞ մեղվաընտանիք կա, և տարեկան ինչքա՞ն մեղր է արտադրվում,- այս հարցերով «Իրատես de facto»- ն սկսեց զրույցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության ու անասնաբուժության վարչության պետ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

-Հայաստանում այսօր հաշվվում է շուրջ 500 հազար մեղվաընտանիք, ինչի շնորհիվ արտադրվում է 3,5-4 հազար տոննա մեղր: Այն լիովին բավարար է ապահովելու մեր երկրի բնակչության տվյալ պարենամթերքի նկատմամբ ունեցած պահանջարկը: Բացի այդ, Գերմանիայից, Բուլղարիայից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է ներմուծվում տարեկան 250-300 տոննա մեղր։ Հավելեմ, որ հայկական մեղրն արտահանելու և իրացնելու հնարավորությունը դեռևս սահմանափակ է:
-Իսկ Հայաստանից տարեկան ինչքա՞ն մեղր է արտահանվում:
-Հայաստանից արտահանվող հայկական մեղրի քանակությունն այնքան էլ մեծ չէ` ընդամենը մի քանի հարյուր կիլոգրամ կամ ընդամենը մի քանի տոննա։ Այն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, ՈՒկրաինա, Վրաստան, արաբական երկրներ, քանի որ չափորոշիչներն այդ երկրներում այնքան էլ խիստ չեն։ 2011-ին Հայաստանից արտահանվել և իրացվել է ընդամենը վեց տոննա մեղր:
-Ի՞նչ նախադրյալներ կան Հայաստանում մեղվաբուծության ճյուղի զարգացման համար:
-Բավականին լավ նախադրյալներ կան, և դա հիմնականում պայմանավորված է Հայաստանում արտադրվող մեղրի բացառիկ համային ու որակական հատկանիշներով, բազաթիվ բույսերից ստացված նեկտարի ու մեղրահումքի հանգամանքով: Մեր երկրի բազմատեսակ, ինչպես նաև վայրի հարուստ բուսականությունը հնարավորություն է տալիս ստանալու լավագույն մեղր, ինչն էլ իր հերթին պայմանավորում է մեր մեղրի որակական բարձր հատկանիշները։ Այս առումով բարձրորակ մեղր է ստացվում Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որտեղի ալպյան գոտիների բազմատեսակ բուսականությունը հարուստ է նաև մեղրատու արժեքավոր բույսերով:
Ցավոք, Եվրամիության երկրներ արտահանելու համար մենք դեռևս չունենք ԵՄ չափանիշներով զինված լաբորատորիա և ավելի մանրազնին փորձաքննության արդյունքներ առայժմ տալ չենք կարող. արդյունքում` չենք կարող մեր մեղրը ԵՄ արտահանել: Անգամ եթե դա հնարավոր լիներ, մենք գնային առումով մրցունակ չենք ԵՄ շուկայի համար, քանի որ Թուրքիան ու Չինաստանը մեծ, նույնիսկ անսահմանափակ քանակությամբ մեղր են առաջարկում ԵՄ-ին, ընդ որում` բավականին մատչելի գներով` 1 կգ-ը` 1,5-2 եվրոյի սահմանում։ Մինչդեռ մեզ մոտ մեղրի նվազագույն գինը 2500 դրամ է, սակայն լավորակ մեղրը վաճառվում է 3500-4000 դրամով և նույնիսկ ավելին:
-Բուն մեղրի արտադրությունից բացի, Հայաստանում ի՞նչ հեռանկարներ կան այլ մեղվամթերքների արտադրման ուղղությամբ:
-Մի շարք տարիների փաստացի տվյալները ցույց են տալիս, որ միջին հաշվով մեկ մեղվաընտանիքը, բացի 8-10 կգ ապրանքային մեղրից, կարող է տալ տարեկան 300 գրամ մեղրամոմ, մեկական գրամ մեղվաթույն, ծաղկափոշի, մեղվակաթ, ինչպես նաև ակնամոմ (պրոպոլիս), որոնք մեծ կիրառություն ունեն դեղարտադրության մեջ։ Դրանք և մնացած պատրաստուկներն օգտագործվում են լուծույթներում, քսուքներում, էլեկտրաֆորեզի միջոցով մի շարք հիվանդությունների` հոդացավերի, մկանաբորբերի, ռադիկուլիտի և աղեստամոքսային տրակտի խոցերի, ինչպես նաև լյարդի բուժման համար: Մեղրից ստացված «ապիլակ» պատրաստուկն ու մեղվակաթը կիրառվում են նաև օծանելիքի արտադրության մեջ:
Նշեմ, որ մեղվաբուծական ոլորտը մեծ դեր է կատարում մրգատու ծառերի, բանջարաբոստանային մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի (կորնգան, առվույտ), ինչպես նաև արժեքավոր բույսերի փոշոտման կարևոր գործում:
Հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետությունում եղած մեղվաընտանիքների քանակը լիովին բավարար է հանրապետության 16288 հա խաղողի տնկարկների, 37149 հա այգիների և 44 հազար 63 հա տեխնիկական ցանքերի և բազմամյա խոտաբույսերի բավարար փոշոտման համար:
-Հայաստանում ինչպե՞ս են իրականացվում մեղրի հավաքման, մթերման ու վերամշակման գործընթացները:
-Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա չի դրված մեղրի արտադրության առանձին փուլերի` մեղրահավաքի, մեղրամոմի մթերման ու վերամշակման գործընթացների միջև եղած կապը։
Մեղրի իրացման առումով ներքին շուկայում խնդիր չկա, բոլոր մեղվապահները կարողանում են իրենց մեղրը այս կամ այն կերպ իրացնել։ Ճիշտ է` բարեբեր տարիներին, երբ շատ առատ մեղր էր ստացվում, որոշակի խոչընդոտներ էին լինում իրացման առումով։ Սակայն մեղրը կարելի է շատ երկար պահել, այն չի փչանում, ինչը հնարավորություն է տալիս իրացնելու ցանկացած ժամանակ։
- Ինչպե՞ս չխաբվել ու մեղրի փոխարեն չգնել շաքարի օշարակ։
- Ամենահեշտ միջոցը, որով կարելի է պարզել մեղրի իսկական կամ կեղծ լինելը. մի կաթիլ մեղր պետք է կաթեցնել եղունգի վրա։ Եթե կաթիլը տարածվում է ու ծորում, ուրեմն դուք գործ ունեք ոչ իսկական մեղրի հետ։ Եթե կաթիլը մնում է ուռուցիկ և չի տարածվում, կարող եք վստահորեն գնել մեղրը։ Մյուս տարբերակի համար անհրաժեշտ է սովորական ասեղ. այն թաթախում ենք առաջարկվող մեղրի մեջ և բարձրացնում վեր։ Եթե մեղրը սկսում է ծորալ ու ծորը, կտրվելով, բարձրանում է դեպի ասեղի ծայրը, ուրեմն մեղրն անարատ է։ Եթե ծորն անընդմեջ է, ուրեմն ձեզ խաբում են: Կա ևս մեկ պարզագույն տարբերակ. ուղղակի պետք է մեղրը լցնել որևէ տարայի մեջ: Եթե լցնելիս տարայի մեջ ալիքաձև է տարածվում, ուրեմն դա մեղր է, իսկ եթե բրգաձև, ապա դա շաքարի օշարակ է: Կարելի է ստուգել նաև կիրառելով լավաշի կտորներ, սակայն դրա համար անհրաժեշտ է ժամանակ, մինչև լավաշի չորանալը, որը նշանակում է, որ մեղրն անարատ է։
Հաշվի առնենք նաև, որ Հայաստանում մեղվաբուծությունն ունի լավ ավանդույթներ` լավ մեղր գտնելն այնքան էլ բարդ չէ. ընդամենն անհրաժեշտ է տեղեկացվածություն։
-Հայաստանում ներկայումս քանի՞ տեսակի մեղու է բուծվում, նշեք դրանց կենսակերպի մասին:
-Հայաստանում ներկայումս բուծվում են երեք տարբեր մթերատվություն ունեցող մեղվատեսակներ: Դրանցից «գորշը» բուծվում է անտառային շրջաններում, «դեղինը»` լեռնային գոտիներում, իսկ «խառնածինը»` Արարատյան դաշտում: Կովկասյան կամ հայկական արագ աճող ու բազմացող «դեղին» մեղուները, որոնք տարածված են Անդրկովկասի և հայկական լեռնաշխարհի ցածրադիր տաք շրջաններում, խաղաղասեր են: Մեծ քանակով կուտակած ակնամոմի և զարգացած հոտառության շնորհիվ լավ են պաշտպանվում հիվանդություններից և վնասատուներից: Բացի դրանից, «դեղին» մեղուն ունի ավելի երկար կնճիթ, ինչի շնորհիվ կարողանում է նեկտարը հավաքել նույնիսկ այնպիսի ծաղիկներից, որոնք հասանելի չեն մյուս մեղուներին: Հավելեմ, որ «դեղին» մեղվի պատրաստած մեղրն ավելի քաղցր է, շաքարային ավելի շատ նյութեր ու բուժիչ հատկություններ ունի և պարունակում է ավելի քիչ քանակությամբ ջուր:
-Ձեռնտո՞ւ է, արդյոք, գյուղացուն մեղվաբուծությամբ զբաղվելը:
-Իհարկե: Գործընթացը քիչ ծախսատար է. մեկ կիլոգրամ մեղրի ինքնարժեքը, նույնիսկ ոչ նպաստավոր եղանակային պայմաններում, 1700-1800 դրամ է։ Սակայն նշված զբաղմունքը միաժամանակ շատ աշխատատար է, պահանջում է նաև մասնագիտական գիտելիքներ ու փորձ. այդ է պատճառը, որ մեղվապահությամբ ոչ բոլորն են զբաղվում։
Ասեմ, որ վերջին շրջանում Հայաստանում արտադրված բարձրորակ մթերքը, նախատեսված արտահանման համար, բրենդավորվում է որպես «հայկական»` այսպիսով ճանաչելի դարձնելով մեր երկիրը ողջ աշխարհում։ Հնարավոր է` միջազգային շուկայում մի օր հայտնվի նաև «Հայկական մեղր» բրենդը, սակայն դրա մասին հնարավոր կլինի խոսել միայն այն ժամանակ, երբ մեր երկրում լինի միջազգային չափորոշիչներին համապատասխան լաբորատորիա, իրականացվի մասնագիտական փորձաքննություն։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի ներկայացնել հայկական մեղրը եվրոպական շուկայում։ Նշեմ, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է, որ մեր մեղրն արտահանվի։ Դրա համար պարբերաբար ուսումնասիրվում են միջազգային շուկան, մեր ներքին հնարավորությունները, արտահանման հեռանկարները։ Օրինակ, արաբական երկրներում մեր մեղրն արդեն վաճառվում է «Հայկական մեղր» բրենդի ներքո։
-Այսօր ի՞նչ կառույցներ են օժանդակում մեղվաբուծության զարգացմանն ու հանրապետության մեղվաբույծներին:
-Գիտամեթոդական օգնություն ցույց տալու, ժամանակակից մեղվաբուծական տեխնոլոգիաները ներմուծելու, վարակիչ, տարանցիկ հիվանդությունների դեմ բուժական և պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացնելու, անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու, ինչպես նաև տեղեկատվություն տարածելու և միջազգային ասպարեզում մրցակցություն ձեռք բերելու նպատակով վերջերս ստեղծվեց «Հայաստանի մեղվապահների ազգային ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությունը: Վերջինիս մեջ ընդգրկված են Տավուշի, Լոռու, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի և Երևանի մեղվապահական ձեռնարկությունների աշխատակիցները: Համապատասխան օրենսդրության ձևավորմամբ, արտադրանքն ընդունված միջազգային չափանիշներին հասցնելուց բացի, միությունը կարգավորում է նաև մեղվամթերքի իրացման հետ կապված խնդիրները:
Հարկ է նշել նաև, ՀՀ կառավարությունը 2011 և 2012 թվականներին պետբյուջեի միջոցներով գնում և մեղվաբույծներին անվճար տրամադրում է մեղվի «վարրոատոզ» հիվանդության դեմ պայքարի միջոցներ: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
-Մեղվաբուծությունը Հայաստանի գյուղատնտեսության համար կարո՞ղ է դառնալ գերակա ուղղություն:
-Այո, քանի որ Հայաստանն ունի բազմապիսի հարուստ բուսականությամբ և բնակլիմայական նպաստավոր պայմաններով բնություն: Այդ ոլորտը զարգացնելու նպատակով ՀՀ կառավարության ընդունած «Աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի» շրջանակներում նախատեսվել է առանձին միջոցներ տրամադրել նաև մեղվաբուծությանը: Այն կլինի խորհրդատվական, տեխնիկական աջակցության, օրենսդրական դաշտի կարգավորման, մեղվաընտանիքների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև մեղրի հետ զուգակցվող արտադրանքի արտահանման գործընթացներում աջակցության եղանակով: Մեղվաբույծներին օժանդակելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունները:
Նշեմ նաև, որ մշակվել և Ազգային ժողովին է ներկայացվել «Մեղվաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:


Զրույցը`
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ

Դիտվել է՝ 7159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ